Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Հայ եմ ու սենտիմենտալ եմ»

«Հայ եմ ու սենտիմենտալ եմ»
31.08.2024 | 20:09


Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

Հանդիպումներից մեկի ժամանակ հարց տվին, թե ամերիկյան ընթերցողներն արդյոք գիտե՞ն, որ իր գործերում նկարագրված մարդկանցից շատերը հայեր են, չէ՞ որ հայկական անունները կարող են ոչինչ չասել նրանց:

-Չեմ գիտեր,- պատասխանեց նա,- բայց մեկ բան լավ գիտեն, գիտեն, որ ե՛ս եմ հայ... Միշտ կհիշեն, որովհետև չեմ թողուր, որ մոռնան... Հատկապես քննադատներ լավ կհիշեն։ Ժամանակին անոնք կմեղադրեին ինձի, կըսեին՝ սենտիմենտալ է... Ծո, ձեր ի՞նչ գործ, թե ես ինչպես եմ, հայ եմ ու սենտիմենտալ եմ։ Ամեն մարդ ալ քիչ մը սենտիմենտալ է...

Օր մը քիչ մը գինով եմ, օրորվելով կքալեմ։ Մարդ մը մոտեցեր, ինձի կըսե՝ ինչու՞ ատանկ կքալես... Կըսեմ՝ սարխոշ եմ, ատանկ կքալեմ, քու ի՞նչ գործ... Հիմա ալ կրիտիկներ՝ սենտիմենտալ է... Ծո, ձեր ի՞նչ գործ, հայ եմ, ասանկ եմ... Այդ կրիտիկներեն մեկը նաև օր մը հարց տվավ ինձի՝ ձեր ազգանուն ինչու՞ չեք փոխած... Դե, լսե, ըսի, Սա-րո-յան...

Վանկերն առանձնացնելով, բարձր, երգեցիկ ձայնով արտասանեց իր ազգանունը՝ երգի պես վայելելով նրա հնչյունները։

-Սա-րո-յան... Ըսի՝ ասկե անուշ ազգանուն ուսկե՞ պիտի գտնայի...

Շարունակեց.

-Գիտե՞ս, իմ անուն ալ չեմ փոխած, սկզբեն Վիլյամ եղած եմ։ Իմ հայր ու մայր նախապես որոշած են եղեր իմ անուն Պետրոս դնել... Պետրոս Սարոյան... Անուշ է, չէ՞։ Բայց իմ ծնունդեն մեկ ամիս առաջ մահացեր է հորս բարեկամը, ամերիկացի պատվական մարդ մը, անունը՝ Վիլյամ... Հայրս շատ սիրած է այդ մարդուն և անոր անուն տված է ինձի։ Եթե այդ մարդ չմահանար, Պետրոս Սարոյան պիտի ըլլայի...

Հարցրեց ինձ.

-Քու հոր անուն ի՞նչ է։

-Արմենակ։

-Իմ հոր անունն ալ Արմենակ է։

Ներկաներից մեկն ասաց.

-Իմ հոր անունն էլ է Արմենակ։

-Հիանալի է, ուրեմն Արմենակ կշարունակի։

Անունների նկատմամբ հատուկ հետաքրքրություն ուներ։

Որևէ մեկի հետ ծանոթանալիս՝ նախ կհարցներ անուն-ազգանունը և նոր միայն կսկսեր հետը զրուցել։

Վահագն Դավթյան. «Բարի հսկան» գրքից․

Լուսանկարը՝ Պողոս Պողոսյանի (ձախից՝ Գրիգոր Գյուրզադյան, Վարդգես Պետրոսյան, Վահագն Դավթյան, Վիլյամ Սարոյան)

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 7636

Մեկնաբանություններ